Միլանի «Ինտերի» ավագ և հարձակվող Լաուտարո Մարտինեսը ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության 1/8-րդ եզրափակիչում բրազիլական «Ֆլումինենսեից» կրած 0:2 հաշվով պարտությունից հետո հանդես է եկել կարևոր հայտարարությամբ։
«Ես ներողություն եմ խնդրում թիմի անունից։ Մենք չէինք ուզում հայտնվել այս իրավիճակում։ Մենք նպատակներ ունենք և պայքարում ենք դրանց հասնելու համար։ Նրանք, ովքեր չեն ցանկանում մնալ ակումբում և բավարարել այդ պահանջները, պետք է լքեն թիմը։
Այս խաղում շատ բաներ կային, որոնք ինձ դուր չեկան։ Որպես ավագ՝ ես ուզում եմ շարունակել պայքարել մեր նպատակների համար։ Մենք ունենք ուժեղ թիմ, մենք նվաճել ենք գավաթներ, և ես ուզում եմ շարունակել նույն ուղղությամբ։ Նրանք, ովքեր ցանկանում են մնալ՝ մնում են։ Իսկ նրանք, ովքեր չեն ցանկանում՝ ցտեսություն։
Որպես թիմի ավագ՝ ես եմ հիմնական պատասխանատուն այս ամենի համար։ Ներողություն եմ խնդրում երկրպագուներից այս ծանր պարտության համար։ Մրցաշրջանը չափազանց երկար էր, դա ուժասպառ էր։ Պետք է վերականգնենք մեր ուժերը և վերադառնանք մեր մարզավիճակին՝ «Ինտերի» կարևոր նպատակների համար պայքարին պատրաստ լինելու համար»,- Լաուտարոյի խոսքերն է մեջբերում DAZN-ը։