Հունիսի 30-ին կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում մի շարք կարևոր որոշումներ կայացվեցին, այդ թվում՝ վերաբերվող Fastex Պրեմիեր Լիգայի 2025/26 մրցաշրջանի անցկացման ձևաչափին։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
2025/26 մրցաշրջանում Պրեմիեր լիգան կունենա 10 թիմ։ Առաջնությունը կանցկացվի 3 շրջանով։ Նույն ձևաչափը ուժի մեջ կլինի նաև 2026/27, 2027/28 և 2028/29 մրցաշրջանների համար։
«Սյունիք» ՖԱ որոշել է չմասնակցել Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանին, չնայած որ մարզական չափանիշով իրավունք ուներ։ Ակումբը ցանկանում է շարունակել հանդես գալ Կապանում, սակայն «Լեռնագործ» մարզադաշտը դեռևս չի համապատասխանում Պրեմիեր լիգայի չափորոշիչներին։ Ակումբը կշարունակի ելույթ ունենալ Առաջին խմբում։
«Սյունիքի» փոխարեն Պրեմիեր լիգային կմիանա «Գանձասարը», որը միակ ակումբն է Առաջին խմբում, որն ունի համապատասխան արտոնագիր՝ մասնակցելու բարձրագույն լիգային։
Գործադիր կոմիտեն նաև որոշեց չեղարկել ՀՖՖ մրցումների կանոնակարգի 31.10 կետը և ուժի մեջ թողնել 31.09 կետը, համաձայն որի՝ Պրեմիեր լիգայի խաղերի հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 9-ը, իսկ դաշտում միաժամանակ գտնվողներից առնվազն 3-ը պետք է լինեն ՀՀ-ում մարզված կամ ազգային հավաքականների ներկայացուցիչներ։
ՀՖՖ-ն նախատեսում է մոտակա 3 ամիսների ընթացքում շարունակել քննարկումները ակումբների հետ՝ 2026/27 մրցաշրջանի համար համապատասխան կանոնակարգային փոփոխությունների վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով։
Գործկոմը հաստատեց նաև Ֆուտբոլային գործակալների և Ֆուտբոլիստների կարգավիճակի ու տեղափոխման կանոնակարգերի 2025 թ․ խմբագրությունները։