Metaratings.ru-ի տեղեկություններով՝ «Արարատ-Արմենիա» ակումբի 21-ամյա կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը վարձակալությամբ հանդես է գալիս մոլդովական «Շերիֆում», հրաժարվել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել ռուսական «Սոչի»:
Ավելի վաղ «Սոչիի» հետաքրքրվածության մասին հայտնել էր ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը: Ռուսական ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, սակայն ստացել են նախնական մերժում: Այնուամենայնիվ, բանակցությունները շարունակվում են: «Արարատ-Արմենիան» «Սոչիից» պաշտոնական առաջարկ դեռ չի ստացել:
Սերոբյանի և «Շերիֆի» միջև վարձակալական պայմանագիրը գործում է մինչև 2025 թվականի վերջ: Հայաստանի ազգային հավաքականի կազմում կիսապաշտպանը մասնակցել է 21 հանդիպման՝ կատարելով մեկ գոլային փոխանցում: Transfermarkt-ի տվյալներով՝ Սերոբյանի շուկայական արժեքը կազմում է 450 հազար եվրո: