«Բարսելոնայի» 29-ամյա դանիացի պաշտպան Անդրեաս Քրիստենսենը մտադիր չէ լքել կատալոնական ակումբը, հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը գոհ է թիմում իր ունեցած դերից և չի դիտարկում այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը։ Թեև «Բարսելոնան» դանիացուն դեռևս չի առաջարկել երկարաձգել գործող պայմանագիրը, որը ավարտվում է 2026 թվականի ամռանը, Քրիստենսենը հավատարիմ է մնում իր ընտրած ուղուն։
Նշվում է, որ խաղացողն արդեն ստացել է շահավետ առաջարկ Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրից», սակայն նա մերժել է այն։ Քրիստենսենին դուր է գալիս Իսպանիայում ապրելը, և նա պատրաստ է պայքարել «կապտանռնագույնների» մեկնարկային կազմում իր տեղի համար։
Հիշեցնենք, որ Քրիստենսենը բաց է թողել անցած մրցաշրջանի մեծ մասը կրունկի ջիլի վնասվածքի պատճառով։ 2024/25 մրցաշրջանում նա մասնակցել է ընդամենը 6 խաղի։ Transfermarkt-ը դանիացի պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։