«Բարսելոնայի» նորեկ՝ իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիան հայտնվել է լուրջ ճնշման տակ։ Sport.es-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը սկսել է բազմաթիվ սպառնալիքներ և անհայտ համարներից զանգեր ստանալ՝ «Էսպանյոլից» «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո։
Աղբյուրը նշում է, որ Գարսիան որոշել է տանից դուրս չգալ՝ արձակուրդի օրերին այցելելով միայն մի քանի մտերիմ ընկերների։ Նա փոխել է հեռախոսահամարը և, անվտանգության նկատառումներից ելնելով, հրաժարվել է մասնակցել «Էսպանյոլի» իր նախկին թիմակցի ծննդյան երեկույթին։
Ըստ տեղեկությունների՝ 24-ամյա դարպասապահը գիտակցում է, որ իր նախկին ակումբի երկրպագուների մի մասը չի ընդունել «Բարսելոնա» տեղափոխվելու նրա որոշումը։
Հիշեցնենք, որ «կապտանռնագույնները» Գարսիայի տրանսֆերի մասին հայտարարել են հունիսի 18-ին։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականի հունիսի 30-ը։