Գերմանացի փորձառու կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մոտ է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ 34-ամյա կիսապաշտպանը պայմանագիր կկնքի Ստամբուլի «Գալաթասարայի» հետ։ Գյունդողանը բանակցություններ է վարել թուրքական ակումբի ներկայացուցիչների հետ և համաձայնության է եկել տրանսֆերի վերաբերյալ։
Կողմերն արդեն համաձայնեցրել են ֆուտբոլիստի անձնական պայմանագրի պայմանները։ Ներկայումս Գյունդողանը խաղում է «Մանչեսթեր Սիթիի» կազմում՝ մասնակցելով ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը։
Կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 միլիոն եվրո։