Անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդը նշեց իր պաշտոնական նորամուտը «Ռեալ Մադրիդի» կազմում՝ Աշխարհի ակումբային առաջնության բացման խաղում «Ալ Հիլալի» դեմ։ Հունիսի 12-ին որպես «Ռեալի» խաղացող ներկայացված Տրենտը խաղադաշտում անցկացրեց 65 րոպե՝ ցուցադրելով իր հմտությունները։ Խաղից հետո անգլիացին խոսեց խաղի, երկրպագուների աջակցության և իսպաներեն սովորելու իր փորձի մասին։
«Անհավատալի զգացողություն էր։ «Ռեալում» խաղալը բոլորի երազանքն է, թեև մենք հիասթափված ենք, որ չկարողացանք հաղթել։ «Ռեալի» մտածելակերպը միշտ հաղթանակի մասին է։ Բայց երկրորդ խաղակեսում շատ դրական պահեր կային։
Առաջին խաղակեսում մեզ պակասում էր գնդակի վերահսկողությունը, սակայն ընդմիջումից հետո ավելի շատ էինք խաղում գնդակով։ Դա ստիպեց հակառակորդին ավելի շատ պաշտպանվել և վազել գնդակի հետևից։ 11-մետրանոցը ֆուտբոլի մի մասն է, և ոչ ոքի չպետք է մեղադրել։ Կան պահեր, որոնց վրա պետք է աշխատենք, և ես վստահ եմ, որ հաջորդ խաղին ավելի լավ կպատրաստվենք։
Երկրպագուների աջակցությունն անսպառ է։ Ես զգացել եմ այդ աջակցությունը պայմանագիրս կնքելու պահից։ «Ռեալի» երկրպագուները ամենուր են՝ հյուրանոցում, մարզումներին, սոցիալական ցանցերում։ Տրիբունաներում նրանց աջակցությունը հիանալի էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին։
Արդեն մի քանի ամիս է՝ սովորում եմ իսպաներեն։ Երբ իմացա, որ տեղափոխվելու եմ «Ռեալ», ցանկացա սովորել լեզուն՝ ավելի հեշտ հարմարվելու համար։ Դա ինձ համար կարևոր է։ Նոր երկիր, նոր թիմ, նոր քաղաք… Կարևոր է ցույց տալ, որ ցանկանում ես ինտեգրվել մշակույթին, և ես հենց դա եմ անում»,- Առնոլդի խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։