«Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է միլանյան ակումբից հեռանալու և Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» տեղափոխվելու մասին։
Ավելի վաղ La Gazzetta dello Sport-ը հայտնել էր, որ «Ինտերի» ղեկավարությունը զայրացած է եղել՝ իմանալով, որ Ինձագին համաձայնել է տեղափոխվել «Ալ-Հիլալ» մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։
«Եթե սա այն գինն է, որը պետք է վճարեմ «Ինտերում» անցկացրած չորս տարիների համար, ուրախությամբ կվճարեմ։ Բայց դա ոչինչ է այն ամենի համեմատ, ինչ ստացել եմ երկրպագուներից, ղեկավարությունից, խաղացողներից և ակումբից։
Գիտեմ, որ կկարոտեմ նույնիսկ վերջին չորս տարիների ընթացքում հնչած ամենաանարդար մեղադրանքները։ Բայց ես շատ ուրախ էի, տվեցի այն ամենը, ինչ կարող էի, և սերտորեն համագործակցեցի ակումբի և ղեկավարության հետ։ Կարծում եմ՝ նրանք նույնպես համոզված էին, որ ճիշտ որոշումը կլինի ինձնից բաժանվելը՝ ակումբի բարօրության համար, բայց բոլորի համար՝ մեծ ցավով։
Ես ընդունեցի նոր մարտահրավեր և դուրս եկա իմ հարմարավետության գոտուց՝ «Ինտերում» մի քանի տարի անցկացնելուց հետո։ Ուզում եմ փոխել իմ մտածելակերպը, խաղաոճը և փորձել ինչ-որ նոր բան։ Չկար այլ թիմ, որը կցանկանայի մարզել։ Ահա թե ինչու ես ընտրեցի «Ալ-Հիլալը»»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Սա 49-ամյա իտալացու առաջին փորձն է Եվրոպայից դուրս։ Նա չորս մրցաշրջան անցկացրել է «Ինտերում»՝ հաղթելով Ա Սերիան, Իտալիայի գավաթը և երկու Սուպերգավաթը, ինչպես նաև մասնակցելով Չեմպիոնների լիգայի երկու եզրափակչի։