ՖԻՖԱ-ի վերափոխված Աշխարհի ակումբային առաջնությունը հայտնվել է քննադատությունների կիզակետում՝ խիստ ցածր հաճախելիության պատճառով։ «Ուլսան» – «Մամելոդի Սանդաունս» հանդիպումը, որն անցկացվել է ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքի 25,500-տեղանոց մարզադաշտում, գրավել է ընդամենը 3,412 հանդիսատես՝ դառնալով մրցաշարի ամենացածր ցուցանիշը։
Լրագրող Մահեր Մեզահին հայտնել է, որ խաղից առաջ մարզադաշտում ներկա էր ընդամենը 97 հանդիսատես, իսկ խաղի մեկնարկի պահին՝ մոտ 557։ Հանդիպումը հետաձգվել է ավելի քան մեկ ժամ՝ վատ եղանակի պատճառով։
Նախորդ օրերին «Չելսի» – «Լոս Անջելես» խաղին ներկա է եղել շուրջ 22,000 հանդիսատես՝ 75,000-տեղանոց «Մերսեդես-Բենց» մարզադաշտում։ Տոմսերի ցածր պահանջարկի պատճառով ՖԻՖԱ-ն ստիպված է եղել էժանացնել տոմսերի գները՝ սկսած 20 դոլարից։
Չնայած քննադատություններին, ՖԻՖԱ-ն պնդում է, որ մրցաշարը գլոբալ հետաքրքրություն է առաջացնում՝ նշելով, որ վաճառվել է ավելի քան 1.5 միլիոն տոմս։ Այդուհանդերձ, սոցիալական ցանցերում երկրպագուներն առաջնությունն անվանում են «աղետ»։ Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը նույնպես քննադատել է մրցաշարը՝ կոչ անելով չեղարկել այն՝ ֆուտբոլի էկոհամակարգը պահպանելու համար։