Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը պատմել է, թե ինչպես է Չեմպիոնների լիգայի եզրափակչում պարտությունը ազդել իր վրա։
«Ես տխուր էի։ Դժվար էր ամեն ինչ հասկանալ։ Ինձնից 5-6 օր պահանջվեց՝ խոսել սկսելու համար։ Ուզում էի ամեն ինչ բացատրել իմ սիրելիներին։ Այդ գիշեր մենք ոչինչ չկարողացանք անել, բայց մրցակցի համար ամեն ինչ հնարավոր էր։ Մենք՝ մենք չէինք, թիմ չէինք։ Սա է ֆուտբոլը։ Եվ հիմա, անկախ ամեն ինչից, պետք է առաջ շարժվենք։ Այլ ճանապարհ չկա։
Կիվուի հետ խոսեցինք հեռախոսով, մինչ ԱՄՆ գալը։ Երկար զրույց ունեցանք։ Նա կիսվեց իր աշխատանքային գաղափարներով։ Դրանք ինձ դուր եկան։ Ես համաձայն եմ նրա հետ՝ մենք նման ենք մտածում։ Տեսա նրա մեջ հաղթելու ցանկությունը։
Ցավում եմ, որ այս մրցաշրջանում մենք ոչ մի գավաթ չենք նվաճել։ Բայց հետ նայելով՝ չեմ կարող մրցաշրջանը ձախողված համարել։ Սա պետք է մեզ խթան հանդիսանա՝ ամեն ինչ նորից սկսելու համար՝ նույն ցանկությամբ, ինչպես միշտ։
Մենք «Ինտերն» ենք՝ հասուն թիմ։ Եվ մենք միշտ ուզում ենք նվաճել բարձունքներ։ Այս մրցաշարում ուզում ենք հասնել եզրափակիչ։ Ես ուզում եմ ամբողջ էներգիաս ներդնել՝ թիմին օգնելու համար։ Այլևս հետ նայելու ճանապարհ չկա»,- ասել է «ներաձուրիի» ավագը։
Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակչում միլանյան գրանդը 0։5 հաշվով պարտվել էր ՊՍԺ-ին։