«Բարսելոնայի» նախկին ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, որը ներկայում հանդես է գալիս «Ինտեր Մայամիի» կազմում, խոսել է «կապտանռագույնների» երիտասարդ հարձակվող Լամին Յամալի մասին և կարևոր խորհուրդ տվել նրան։
«Որոշ խաղացողներ ավելի շուտ են հասունանում, քան մյուսները։ Լամինը 17 տարեկանում ցուցաբերում է անհավանական հասունություն՝ ստանձնելով պատասխանատվություն կարևոր խաղերում։ Որպես «Բարսելոնայի» երկրպագու՝ ես շատ ուրախ եմ նրա համար։
Լամինը պետք է շարունակի վայելել խաղը, չվախենա սխալվելուց և միաժամանակ ձեռք բերի փորձ՝ զարգանալով դրա հիման վրա։ Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա»,- 38-ամյա Սուարեսի խոսքերն է մեջբերում իսպանական մամուլը։
Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2014-2020 թվականներին։ Նա «Ինտեր Մայամի» է միացել 2024 թվականի սկզբին։