Մադրիդի «Ատլետիկոն» «Միլանին» 20 միլիոն եվրոյի բարելավված առաջարկ է արել՝ 27-ամյա ձախ պաշտպան Թեո Էրնանդեսին ձեռք բերելու համար, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «ռոսոներիները» մերժել են մադրիդցիների՝ նախնական 15 միլիոն եվրոյի առաջարկը։ Ընդգծվում է, որ կողմերը «ավելի ու ավելի են մոտենում» համաձայնության։ Էրնանդեսը նախկինում հրաժարվել էր տեղափոխվել «Ալ-Հիլալ»։
Անցյալ մրցաշրջանում ֆրանսիացի պաշտպանը մասնակցել է 49 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով հինգ գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։