«Բարսելոնան» կկարողանա վերադարձնել թիմի իսպանացի հարձակվող Անսու Ֆատիին, նույնիսկ այն դեպքում, եթե «Մոնակոն» որոշի գնել նրա ամբողջական տրանսֆերը։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիական ակումբը ավարտին է հասցնում իսպանացու վարձակալության գործարքը՝ 14 միլիոն եվրոյով գնման հնարավորությամբ։ Բացի այդ, պայմանագիրը կներառի նաև ֆուտբոլիստին 28 միլիոն եվրոյով հետ գնելու կետ, որը «Բարսելոնան» կարող է օգտագործել ապագայում, եթե անհրաժեշտ համարի։
Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ Անսու Ֆատիի ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է 5 միլիոն եվրո։ Անցած մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը կատալոնական ակումբի կազմում խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 11 անգամ՝ առանց որևէ արդյունավետ գործողության։