Մյունխենի «Բավարիան» և Լերոյ Զանեն չեն կարողացել համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ, և գերմանացի վինգերն այժմ կշարունակի կարիերան Թուրքիայում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր հայտնի «Here we go»-ով հաստատել է այս տրանսֆերը։ Զանեն Ստամբուլի ակումբի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր։ Առաջիկայում նա կմեկնի Թուրքիա՝ բժշկական զննում անցնելու և նոր ակումբի հետ վերջնական պայմանագիրը ստորագրելու համար։
Ի դեպ, «Գալաթասարայը» հույս ունի, որ գերմանացի վինգերի ժամանումը կխրախուսի Վիկտոր Օսիմհենին մնալ թիմում։ Ակումբը նիգերիացի հարձակվողին առաջարկել է ռեկորդային պայմանագիր։
Հիշեցնենք, որ վերջերս Վիկտոր Օսիմհենը հայտնվել էր ուշադրության կենտրոնում, երբ խափանվեց նրա հնարավոր տեղափոխությունը «Ալ-Հիլալ»։ Նիգերիացին մերժել էր սաուդյան ակումբի առաջարկը, չնայած բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ էին։