Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ստյոպա Մկրտչյանը Չեռնոգորիայի հետ վաղը կայանալիք ընկերական խաղից առաջ մասնակցել է մամուլի ասուլիսին և պատասխանել է լրագրողների հարցերին։
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է տակտիկապես պատրաստ լինի, եթե խաղում է հավաքականում։ Կարծում եմ՝ կարող ենք նոր մարզչի տակտիկայով խաղալ։ Իհարկե նախորդ պարտությունից հետո հավաքականի տղաներով խոսել ենք, քննարկել ենք։ Իհարկե, բոլորիս էլ հաճելի չէ, որ նման հաշիվներով պարտություններ ենք կրում, բայց պետք է փորձենք ամեն ինչ անել ավելի լավ ելույթ ունենալու համար։ Եթե խոսքը նվիրվածության մասին է, յուրաքանչյուր խաղացող, որ դաշտում է, 100 տոկոսով նվիրվում է և անում է առավելագույնը՝ ավելի լավ հանդես գալու համար։ Պետք է շտկենք․ բոլորիս համար էլ տհաճ է այն իրավիճակը, որում հայտնվել ենք։ Վստահ եմ՝ հաջորդ խաղերից սկսած կշտկենք այս ամենը։ Վստահ եմ, որովհետև ճանաչում եմ իմ թիմի տղաներին, տեսնում եմ, թե ինչպես են նրանք նվիրվում ամեն խաղին և մարզումներին։ Վստահ եմ՝ այն քրտինքը, որ նրանք թափում են, ջուրը չի ընկնի։
Ի՞նչ է փոխվել երկու տարում․ կարծում եմ՝ այն ժամանակ ավեի շատ փորձառու խաղացողներ ունեինք։ Ու հիմա սերնդափոխություն է տեղի ունենում։ Օրինակ, նախորդ խաղին շատ էին երիտասարդ ֆուտբոլիստները։ Պարզ է՝ հիմա մեզ համար շատ դժվար շրջան է, բայց պետք է յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր մեջ, իր թիմում անի առավելագույնը, որպեսզի հավաքական գալուց հետո լավ հանդես գա և նման պարտություններ չունենանք»,- ասել է Մկրտչյանը։
Չեռնոգորիա-Հայաստան ընկերական խաղը կկայանա վաղը՝ հունիսի 9-ին։ Մինչ այս մեր ընտրանին 2։5 հաշվով զիջել էր Կոսովոյին։