Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի 39-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարիերան կշարունակի «Միլանում»։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խորվաթը համաձայնել է միանալ «ռոսոներիներին» և մինչև 2026 թվականի ամառը պայմանագիր կկնքի իտալական ակումբի հետ։ Բանակցությունները գտնվում են առաջադեմ փուլում։ Նշվում է, որ Մոդրիչը մանկուց եղել է «Միլանի» երկրպագու։
Փորձառու կիսապաշտպանը «սերուցքայինների» կազմում կմասնակցի Աշխարհի ակումբային առաջնությանը, որի ավարտից հետո կհեռանա մադրիդյան ակումբից՝ ազատ գործակալի կարգավիճակով։
Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Այս ընթացքում նա թիմի հետ նվաճել է 28 գավաթ, այդ թվում՝ 6 Չեմպիոնների լիգայի տիտղոս։ Թիմի կազմում անցկացրած 590 խաղում Լուկան խփել է 43 գոլ և կատարել 95 գոլային փոխանցում։