«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը հայտնել է, որ ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում այլ թիմեր։ Նա նաև նշել է, որ թիմը կարող են լքել մի քանի լեգեոնականներ։
Մայիսի 24-ին՝ շաբաթ օրը, Մուսաևի գլխավորությամբ «Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի վերջին տուրում 3:0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Դինամոյին»։ Այս հաղթանակի շնորհիվ «Կրասնոդարը» պահպանել է առաջատարի դիրքը մրցաշարային աղյուսակում և մրցաշրջանն ավարտել առաջին տեղում։ «Զենիթը» զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ մեկ միավորով զիջելով «Կրասնոդարին»։
«Էդուարդ Սպերցյանի նկատմամբ որոշակի հետաքրքրություն կա։ Հնարավոր է՝ նա լքի թիմը։ Բացի այդ, մի քանի լեգեոնականների նկատմամբ նույնպես հետաքրքրություն կա», – ասել է Մուսաևը «Матч ТВ»-ի եթերում։
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է և 2018 թվականից հանդես է գալիս ակումբի հիմնական կազմում։ Ֆուտբոլիստը նախկինում բացահայտ արտահայտել է Եվրոպայում կարիերան շարունակելու իր ցանկությունը։