Իսպանական «Սելտայի» գլխավոր մարզիչ Օսկար Գարսիան մեկնաբանել է թիմի խաղացողներ Ֆեոդոր Սմոլովի ու Պիոնե Սիստոյի՝ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված Իսպանիան լքելու որոշումը.
«Ակնառու է, որ երկուսն էլ սխալ որոշում են կայացրել: Իսպանիան լքելու որոշումը սխալ էր, քանի որ շատ պարզ ասված էր՝ մնալ երկրում: Այդ մասին խոսել էր ոչ միայն մեր ակումբը, այլ նաև՝ կառավարությունը:
Սիստոյի ու Սմոլովի իրավիճակները տարբեր են: Սմոլովը 2 օրը մեկ զանգահարում էր մեզ ու խնդրում մեկնել Ռուսաստան: Ակումբը տեղյակ էր նրա տեղաշարժի մասին, նա հայտնում էր մեզ ամեն ինչ, բայց ելնելով տրամաբանությունից, նա պետք է մնար: Եթե ակումբը նրան թույլ տար մեկնել, դա, ուրեմն, պետք է վերաբերեր բոլորին: Մենք ունենք խաղացողներ, ովքեր մենակ են ապրում:
Բոլորն էլ հիմա ցանկանում են լինել իրենց ընտանիքների հետ: Ինձ ասել են՝ մնա տանը, և ես մնում եմ տանը: Ի՞նչ է, Ձեզ թվում է, որ ես չե՞մ ուզում տեսնել Մադրիդում ու Բարսելոնայում գտնվող իմ աղջիկներին: Ուղղակի պետք է մնալ տանը, որպեսզի բոլորն առողջ լինեն,-ասել է Գարսիան: