Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պայմանագիր կստորագրի MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբի հետ, հայտնում է El Mundo Deportivo-ն։
Հինգշաբթի օրը Մոդրիչը հայտարարել է Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին՝ ակումբային աշխարհի առաջնության ավարտից հետո։ Ըստ հրապարակման՝ 39-ամյա ֆուբոլիստը «Ինտեր Մայամիի» հետ կնքելու է մեկամյա պայմանագիր՝ 2.5 միլիոն դոլար արժեքով։ Նշվում է, որ ապրիլին հարձակվող Լիոնել Մեսսին դիմել է ակումբի համասեփականատեր Դևիդ Բեքհեմին՝ առաջարկելով հրավիրել Մոդրիչին թիմ։
«Ռեալի» կազմում Մոդրիչն անցկացրել է 590 հանդիպում, խփել 43 գոլ և կատարել 95 գոլային փոխանցում։ «Արքայական» ակումբի հետ նա վեց անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, չորս անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ՝ Իսպանիայի գավաթակիր, հինգ անգամ հաղթել է Իսպանիայի սուպերգավաթում և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթում, ինչպես նաև հինգ անգամ՝ Աշխարհի ակումբային առաջնությունում։