Գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի շահերը, բացատրել է, թե ինչու է ֆուտբոլիստը բաց թողել Ռուսաստանի առաջնության 30-րդ տուրի «Ակրոնի» դեմ խաղի համար Սամարա մեկնող թիմի թռիչքը։
Հանդիպումը տեղի կունենա մայիսի 24-ին։ Ավելի վաղ Թիկնիզյանը դժգոհություն էր հայտնել թիմում խաղաժամանակի պակասից և նշել, որ մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում խնդրել ակումբին իրեն բաց թողնել։
«Իսկապես, Նաիր Թիկնիզյանը չի մեկնել թիմի հետ «Ակրոնի» դեմ արտագնա խաղին։ Սա խաղացողի սեփական նախաձեռնությունն էր։ Նաիրը զգացել է, որ ներկա պահին չի կարող լիարժեք օգնել թիմին խաղադաշտում, ինչի մասին բացահայտ տեղեկացրել է մարզչական շտաբին և խնդրել է մնալ տանը։ Կարծում եմ՝ սա ազնիվ քայլ էր։
Միևնույն ժամանակ, հերքում եմ Թիկնիզյանի հեռացման մասին խոսակցությունները։ Շաբաթվա ընթացքում նա մարզվել է թիմի ընդհանուր խմբում՝ առանց որևէ սահմանափակումների։ Ինչ վերաբերում է նրա ապագային, ինչպես ասում են՝ ժամանակը ցույց կտա։ Այս պահին ոչինչ չի փոխվել, նա մնում է «Լոկոմոտիվի» խաղացող, և նրա հետ գործող պայմանագիր կա», – ասել է Կլյուևը «Чемпионат»-ի թղթակից Անդրեյ Պանկովին։