«Էվերթոն» ֆուտբոլային ակումբը դիմել է Մերսիսայդի ոստիկանությանը՝ աջակցելու Դոմինիկ Կալվերտ-Լյուինի կնոջ՝ Սանդրա Կալվերտ-Լյուինի պաշտպանությանը։ Սանդրան սոցիալական ցանցերում բախվել է սպառնալիքների, ռասիստական և սեռական խտրականության դրսևորումների։ Այս մասին տեղեկացնում է The Times-ը։
Ամեն ինչ սկսվել է, երբ Սանդրան Ինստագրամում գրառում է կատարել՝ հպարտանալով ամուսնու՝ «Գուդիսոն Պարկում» խփած 30 գոլերով. «Գուցե նրանք բարձրաձայն չեն խոսում, բայց մենք ամեն օր հպարտ ենք»։ Գրառումը հանգեցրել է վիրավորական մեկնաբանությունների ալիքի։
«Էվերթոնը» պաշտոնական հայտարարությամբ դատապարտել է նման վարքագիծը՝ ընդգծելով, որ այն հանցավոր է և չի համապատասխանում ակումբի արժեքներին։ Ակումբը համագործակցում է ոստիկանության և Պրեմիեր լիգայի հետ՝ մեղավորներին բացահայտելու և պատժելու համար, ինչպես նաև լիակատար աջակցություն է ցուցաբերում Կալվերտ-Լյուինի ընտանիքին։
Մի շարք երկրպագուական խմբեր նույնպես միացել են՝ դատապարտելով սոցցանցերում տեղ գտած հարձակումները։
Հավելենք, որ «Էվերթոնը» կորցնում է կիսապաշտպան Աբդուլայե Դուկուրեին, ով պայմանագրի ավարտից հետո մերժել է աշխատավարձի կրճատման առաջարկը և լքում է ակումբը։