«Դինամոյի» նախկին պաշտպան Վիտալի Դյակովը Матч ТВ-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանի համար ավելի ճիշտ կլինի կարիերան շարունակել այլ ակումբում։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղում «Լոկոմոտիվը» սեփական դաշտում 2:2 հաշվով ոչ-ոքի խաղաց ԲԿՄԱ-ի հետ։ Խաղից հետո Թիկնիզյանը հայտարարեց, որ դժգոհ է խաղաժամանակից և մրցաշրջանի ավարտին կդիմի ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով թույլ տալ հեռանալ։
Դյակովի կարծիքով՝ Թիկնիզյանի որոշումը միաժամանակ հուզական է և մտածված։ «Այդ հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, հասունացել է երկար ժամանակ։ Եթե հիշենք Թիկնիզյանին մի քանի տարի առաջ, նա փայլուն մարզավիճակում էր։ Խոսակցություններ կային «Զենիթ» կամ նույնիսկ եվրոպական ակումբներ տեղափոխվելու մասին։ Գուցե նա բաց թողեց իր հնարավորությունը», — նշել է Դյակովը։
Նա ընդգծել է, որ դժվար է գնահատել իրավիճակը՝ առանց ներքին խնդիրներին ծանոթ լինելու։ Հնարավոր է՝ Թիկնիզյանի մարզավիճակը ներկայումս բավարար չէ, կամ էլ խնդիրը մարզչի հետ անհամաձայնությունն է։ Դյակովը չի բացառել, որ Թիկնիզյանի հրապարակային հայտարարությունը կարող է հանգեցնել պատժամիջոցների, օրինակ՝ երկրորդ թիմ տեղափոխվելու կամ տուգանքի։
«Այս իրավիճակում ավելի լավ կլինի, եթե կողմերը բաժանվեն։ Թիկնիզյանը պետք է ընտրի ակումբ, որտեղ կկարողանա կանոնավոր խաղալ և վերականգնել իր կարիերան։ Նրան մաղթում եմ հաջողություն», — եզրափակել է Դյակովը։