«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներն Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի՝ «Բորնմուտի» դեմ խաղից առաջ ցուցադրել են կիսապաշտպան Կևին Դե Բրույնեին նվիրված պաստառ։ Այս խաղը 33-ամյա ֆուտբոլիստի համար վերջինը կլինի «Սիթիի» տնային մարզադաշտում՝ «Էթիհադում»։ Ընթացիկ մրցաշրջանի ավարտին բելգիացի կիսապաշտպանը կհեռանա ակումբից։
«Արքա Կև», — գրված է եղել «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուների պատրաստած պաստառի վրա։
Ի դեպ, այս խաղում բելգիացին անհավանական վրիպում է թույլ տվել առաջին կեսում՝ չկարողանալով մի քանի մետրից գրավել դատարկ դարպասը։
Դե Բրույնեն «Սիթիի» կազմում խաղում է 2015 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 420 խաղի, խփել 108 գոլ և կատարել 177 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 27 միլիոն եվրո։