Չնայած Լա Լիգայի այս մրցաշրջանի չեմպիոնությանը՝ «Բարսելոնայի» երկրպագուները դժգոհ են թիմի հիմնական դարպասապահից։ Սոցիալական ցանցերում սկսված քննարկումների կենտրոնում այս անգամ հայտնվել է Մարկ-Անդրե տեր Շտեգենը։ Շատերը պահանջում են, որ թիմը հրաժարվի գերմանացուց՝ արդեն այս ամռանը։
Պատճառը՝ «Վիլյառեալի» դեմ անցկացված խաղում (Լա Լիգա, 37-րդ տուր) տեր Շտեգենը բաց թողեց երեք գոլ և ամբողջ խաղի ընթացքում չիրականացրեց ոչ մի սեյվ։ Արդյունքում «Բարսան» պարտվեց 2։3 հաշվով՝ չնայած մինչ այդ ձևակերպված չեմպիոնությանը։
Երկրպագուները կարծում են, որ Շտեգենը այլևս այն դարպասապահը չէ, ինչ տարիներ առաջ։
«Մեր վերջին տարիների միակ հաջող մրցաշրջանն այն էր, երբ տեր Շտեգենը մեկնարկային կազմում չէր։ Դա պատահականություն չէ»։
«Տեր Շտեգենը փչացրեց Մեսսիի վերջին տարիները «Բարսելոնայում»։ Չենք պատրաստվում հանդուրժել, որ նույնը անի Լամինի կարիերայի առաջին տարիներին։ Պետք է վերջ տալ սրան»։
«Պարտադիր պետք է նրան վաճառել։ Նա արդեն ծերացել է ու այլևս չի ցուցադրում իր լավագույն խաղը»,- գրել են երկրպագուները։
Հիշեցնենք, որ գերմանացին մրցաշրջանի մեծ մասը բաց է թողել ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով, որի ընթացքում «կապտանռագույնների» դարպասը պաշտպանում էր Վոյցեխ Շչեսնին։