Ստրասբուրգ, շաբաթ, ուշ երեկո․․․ Պատմամշակութային արժեքներով հարուստ ֆրանսիական քաղաքում պատրաստվում էին նշել տեղի համանուն թիմի՝ «Ստրասբուրգի» եվրագավաթային ուղեգրի նվաճումը։
Լիգա 1-ի վերջին տուրի շրջանակում «Ստրասբուրգը» սեփական հարկի տակ ընդունել էր «Հավրին»։ Հանդիպման հիմնական ժամանակն արդեն անցյալում էր, հաշիվը՝ 2-2․․․ «Ստրասբուրգը» ուղևորվում էր եվրագավաթներ, «Հավրն» էլ իր գլխին ավելորդ գլխացավանք էր բերում․ տեղն էլիտայում պահպանելու համար լրացուցիչ հանդիպում պետք էր անցկացներ Լիգա 2-ի երրորդ թիմի՝ «Մեցի» հետ։
Բայց ահա, 99-րդ րոպեին հյուրերը ստանում են 11-մետրանոցի իրավունք․ գնդակին մոտենում է Տուրեն, այն ուղարկում ցանցը, դառնալով նաև դուբլի հեղինակ այս հանդիպմանը, ու մի հարվածով վճռում 4 ակումբի ճակատագիր․․․
Ի՞նչ պատահեց․․․
Նախ սկսենք հերոսներից․․․ «Հավրը» հաղթանակի շնորհիվ բարձրացավ 15-րդ հորիզոնական ու ապահովեց տեղը տաք արևի տակ․ հաջորդ մրցաշրջանում նրանք կմնան Լիգա 1-ում։ Այդպիսով, Դիգարի սաները նաև նվեր մատուցեցին «Լիոնին»․ վերջինս շրջանցեց «Ստրասբուրգին» ու զբաղեցրեց 6-րդ՝ եվրագավաթային տեղը։ Ու բոլորից շատ տուժեց այս ամենում «Ռեյմսը», որն արդեն մտքերում Ֆրանսիայի գավաթի եզրափակիչի հանդիպումն էր պատկերացնում ՊՍԺ-ի հետ․․․ բայց ոչ, հիմա նրանք, բացի այս կարևորագույն հանդիպումից, պետք է նաև ևս մեկ ճակատագրական հանդիպում անցկացնեն «Մեցի» հետ՝ Լիգա 1-ում մնալու համար․․․ Հա, ամենաբարդ մրցակիցը չէ, և այլն․․․ բայց պատկերացրեք, որքանով դա թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես կարող է ազդել «Ռեյմսի» ֆուտբոլիստների վրա։ Իհարկե, թիմն իր մեղավորությունը ևս ունի այս ամենում, կարող էր հաղթել «Լիլին» վերջին տուրում (պարտվեց 1-2 հաշվով), ու այս ամենից խուսափեր․․․ կարևոր բառը՝ կարող էր․․․ հեշտ է ասել, քան անել․․․ Դե ինչ՝ ունեն այն, ինչ ունեն։
Ստացվում է, 99-րդ րոպեին խփած գոլը «նվեր» էր «Լիոնի», և ավելորդ գլխացավանք՝ «Ռեյմսի» համար․․․ թիմեր, որոնք ընդհանրապես այդ հանդիպման մասնակիցը չէին ))))
«Ստրասբուրգի» համար ամեն ինչ չէ, որ ավարտված է․․․
«Լիլը» կմասնակցի Եվրոպա լիգայի հաջորդ մրցաշրջանին։ ԵԼ-ի ևս մեկ ուղեգիր կխաղարկվի Ֆրանսիայի գավաթի եզրափակիչում, որում կհանդիպեն «Ռեյմսը» ու ՊՍԺ-ն, որի մասին արդեն նշեցինք։ Եթե «Ռեյմսը» պարտվի, ապա ԵԼ-ին կմասնակցի «Լիոնը», իսկ Կոնֆերենցիաների լիգային՝ «Ստրասբուրգը»։ Եթե «Ռեյմսը» դառնա գավաթակիր, ապա այս թիմը կմասնակցի ԵԼ-ին, «Լիոնը» կուղևորվի Կոնֆերենցիաների լիգա, իսկ «Ստրասբուրգը» կմնա առանց եվրագավաթների։