Այսօր կայացավ ֆրանսիական Լիգա 1-ի 2024/25 մրցաշրջանի վերջին՝ 34-րդ տուրը։ Բոլոր հանդիպումները կայացան միաժամանակ։
ՊՍԺ-ն վաղաժամ էր ձևակերպել չեմպիոնությունը, և վերջին տուրում, ինչպես Բունդեսլիգայում, այդ առումով ևս ինտրիգ չկար։
Մրցավազք էր ընթանում արդեն լավագույն քառյակում տեղի համար։ Արդյունքում ՉԼ-ի ուղիղ ուղեգիր նվաճեցին «Մարսելը», «Մոնակոն», իսկ «Նիցան» կմասնակցի որակավորման փուլին։
«Լիլը» կմասնակցի Եվրոպա լիգայի հաջորդ մրցաշրջանին։ ԵԼ-ի ևս մեկ ուղեգիր կխաղարկվի Ֆրանսիայի գավաթի եզրափակիչում, որում կհանդիպեն «Ռեյմսը» ու ՊՍԺ-ն։ Եթե «Ռեյմսը» պարտվի, ապա ԵԼ-ին կմասնակցի «Լիոնը», իսկ Կոնֆերենցիաների լիգային՝ «Ստրասբուրգը»։
Եթե «Ռեյմսը» դառնա գավաթակիր, ապա այս թիմը կմասնակցի ԵԼ-ին, «Լիոնը» կուղևորվի Կոնֆերենցիաների լիգա, իսկ «Ստրասբուրգը» կմնա առանց եվրագավաթների։
Իսկ ահա առաջնությունը լքում են Ֆրանսիայի երկրորդ ամենատիտղոսակիր թիմը՝ «Սենտ Էտյենը», ինչպես նաև՝ «Մոնպելյեն»։ «Ռեյմսը» լրացուցիչ փլեյ-օֆֆում կվիճարկի էլիտայում մնալու իրավունքը։ Իսկ հաջորդ մրցաշրջանում Լիգա 1-ում մենք կտեսնենք «Լորյանին» ու փարիզյան ևս մեկ ակումբի՝ «Փարիզին», որոնք վաղաժամ ապահովել էին բարձրագույն լիգայի ուղեգրերը։ Լրացուցիչ փլեյ-օֆֆում «Ռեյմսի» հետ կհանդիպի «Մեցը»։
Մրցաշարային աղյուսակը՝
Առաջնության լավագույնները
Առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստները ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն է և Մեյսոն Գրինվուդը «Մարսելից»՝ 21-ական գոլով, իսկ երրորդը Կալիմուենդոն է («Ռեն»), ով աչքի է ընկել 17 անգամ։
Գոլային փոխանցումների քանակով առաջատարներն են Ռայան Շերկին («Լիոն») և Գաետան Պերրինը («Օսեր»)՝ 11-ական փոխանցում։
Պատմական ակնարկ
Ֆրանսիայի ամենատիտղոսակիր թիմը ՊՍԺ-ն է, որը 13 անգամ դարձել է չեմպիոն։ Երկրորդն այս ցանկում «Սենտ Էտյենն» է՝ 10 տիտղոս, որն իր տիտղոսների զգալի մասը նվաճել է 1950-1980 թվականներին։ Երրորդը «Մարսելն» է՝ 9 տիտղոս։
1․ ՊՍԺ — 13 չեմպիոնություն
2․ «Սենտ Էտյեն» — 10
3․ «Մարսել» — 9
4-5․ «Մոնակո» — 8
4-5․ «Նանտ» — 8
6․ «Լիոն» — 7
7-8․ «Բորդո» — 6
7-8․ «Ռեյմս» — 6
9-10․ «Նիցա» — 4
9-10․ «Լիլ» — 4
11-12․ «Սոշո» — 2
11-12․ «Սեթ» — 2
2012/13 մրցաշրջանից ի վեր, բացի ՊՍԺ-ից միայն «Լիլն» ու «Մոնակոն» են մեկական անգամ դարձել չեմպիոն։