Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) Կարգապահական և էթիկայի կոմիտեն, որը «Վեստ Արմենիային» գրանցել էր 0:3 հաշվով տեխնիկական պարտություն Fastex Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղին չներկայանալու համար։ Երկու խաղ բաց թողնելու հետևանքով ակումբը հեռացվել է 2024/25 մրցաշրջանի Պրեմիեր լիգայից։
Այդ պատճառով ակումբը հանդես է եկել հայտարարությամբ․
«ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն որոշում է կայացրել՝ «Վեստ Արմենիային» գրանցել տեխնիկական պարտություն 0:3 հաշվով՝ Fastex Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Արարատ-Արմենիայի» հետ խաղին չներկայանալու համար։
Ցավոք, «Վեստ Արմենիայի»՝ երկու խաղին չներկայանալու հետևանքով, մեր թիմը հեռացվում է Fastex Պրեմիեր լիգայից (2024/25 մրցաշրջան)։
2024-ի հուլիսին ստանձնելով ակումբի ղեկը, «Վեստ Արմենիայի» նոր ղեկավարությունը սկսեց մարտունակ թիմի կառուցումը:
Ցավոք, մի շարք խնդիրների պատճառով չհաջողվեց իրականացնել ամբողջական ծրագիրը, սակայն լավ խաղի և մի շարք գեղեցիկ հաղթանակների հետ մեկտեղ հաջողվեց խաղային աճ ապահովել հատկապես երիտասարդ հայ ֆուտբոլիստների համար:
«Վեստ Արմենիայի» մեկնարկային կազմում յուրաքանչյուր խաղում 5-8 հայ ֆուտբոլիստ էր ընդգրկված:
Նախորդ տարի մեր ակումբից Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրվում էին պաշտպաններ Ավենտիս Ավենտիսյանը և Արմեն Սարգսյանը, օրեր առաջ երիտասարդական հավաքական առաջին անգամ հրավիրվեց մրցաշրջանը մեզ մոտ վարձավճարով անցկացրած կիսապաշտպան Արթուր Իսրայելյանը:
Այս ընթացքում «Վեստ Արմենիայում» մեծ աճ գրանցեց կիսապաշտպան Վահրամ Մախսուդյանը, պաշտպանության կենտրոնում ամրապնդվեց Էրիկ Սմբատյանը, նորամուտը նշեց դարպասապահ Մխիթար Ումրեյանը, պարբերաբար խաղաժամանակ էին ստանում Տիգրան Այունցը, Տիգրան Սարգսյանը, Դավիթ Պետրոսյանը, Դավիթ Սարգսյանը, Իշխան Դարբինյանը, Արսեն Եղիազարյանը:
Ծանր վնասվածքներից հետո շարք վերադարձան և անչափ մեծ աշխատանք կատարեցին Արամ Քոչարյանը և Մարտին Գրիգորյանը, որոնք Արթուր Դանիելյանի, Արթուր Քարտաշյանի և մի քանի որակյալ լեգեոներների հետ միասին փորձի և երիտասարդություն հետաքրքիր համադրություն ապահովեցին Պատրիկ Պապյանի գլխավորությամբ:
Հարգելի ֆուտբոլային հասարակություն, շնորհակալ ենք արժանի մրցակցության և համագործակցության համար, կհանդիպենք խաղադաշտում»,- ասված է հայտարարությունում։