«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է կատալոնացիների՝ այս մրցաշրջանում «Ռեալի» նկատմամբ տարած չորս հաղթանակները։
«Ես շատ ուրախ եմ երկրպագուների և ակումբի համար, այն բանի համար, թե ինչպես անցկացրինք այս չորս խաղերը «Ռեալի» հետ, և թե ինչպես կամային հաղթանակ տարանք վերջին խաղում։ Դա հիանալի էր։ Նրանք մեր կիսադաշտում գնդակին չդիպչեցին 24 րոպե, և դա մեր կառուցվածքի շնորհիվ է։ Դա ֆանտաստիկ էր, մենք կարող ենք հպարտանալ։
Ես ուրախ եմ, քանի որ գիտեմ, որ դա կարևոր է երկրպագուների համար։ Եվ ոչ, ես գիրք չեմ գրելու։ Մեկը արդեն գրել եմ, և դա ինձ համար բավական է։ Իմ ամբողջ էներգիան ուղղված է «Բարսային», ես վայելում եմ ակումբում աշխատելը։ Ես կենտրոնացած եմ իմ թիմի վրա և չեմ մտածում ուրիշների մասին», — Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Բարսելոնան» այս մրցաշրջանում հաղթել է «Ռեալի» դեմ բոլոր պաշտոնական խաղերը։ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում 5:2 հաշվով, Իսպանիայի գավաթի եզրափակչում՝ 3:2 և երկու անգամ Լա Լիգայում (4:0, 4:3):
Այս պահին «Բարսելոնան» 82 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Ռեալ Մադրիդը» 75 միավորով երկրորդ տեղում է։