Լևերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը որոշել է կարիերան շարունակել Մյունխենի «Բավարիայի» կազմում։ Այս մասին հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը։
Աղբյուրի համաձայն՝ երիտասարդ ֆուտբոլիստը և մյունխենյան ակումբը համաձայնության են եկել երկարաժամկետ պայմանագրի բոլոր մանրամասների շուրջ։ Այժմ «Բավարիան» պետք է անմիջապես սկսի բանակցություններ «Բայերի» հետ։
Հայտնի է, որ մյունխենյան ակումբը պատրաստ է այս ամռանը Վիրցի համար վճարել 100 միլիոն եվրո, ինչը նրան կդարձնի ակումբի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։
Եթե «Բավարիան» և «Բայերը» չկարողանան համաձայնության գալ Վիրցի տեղափոխության հարցում, ապա խաղացողը որևէ այլ ակումբ չի միանա։ Նա պատրաստ է ևս մեկ մրցաշրջան անցկացնել Լևերկուզենում և 2026 թվականի ամռանը միանալ «Բավարիային»։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը «դեղագործների» կազմում մասնակցել է 43 խաղի, խփել 16 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։