«Միլանի» ֆուտբոլիստները Իտալիայի առաջնության «Բոլոնիայի» դեմ խաղին դաշտ կմտնեն մարզաշապիկներով, որոնց վրա նշված կլինեն իրենց մայրերի ազգանունները, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակցիան նվիրված է Մայրության օրվան: Մայրերի ազգանունները կհնչեն թիմի կազմի պաշտոնական հայտարարության ժամանակ և կցուցադրվեն «Սան Սիրո» մարզադաշտի էկրաններին ու վահանակներին։
Խաղի ընթացքում մարզադաշտում կցուցադրվեն նաև ֆուտբոլիստների և ակումբի լեգենդների մայրերի լուսանկարները։
Սերիա Ա-ի 36-րդ տուրի այս հանդիպումը տեղի կունենա Միլանում այսօր՝ մայիսի 9-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին։