«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին արձագանքել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ինտերից» կրած պարտությանը: Կապտանռնագույնները Միլանում պարտվել են 3:4 հաշվով լրացուցիչ ժամանակում (առաջին խաղ՝ 3:3) և դուրս մնացել մրցաշարից:
Գավիի խոսքով՝ «Բարսելոնային» թույլ չեն տվել հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
«Սա շատ ծանր է, հատկապես՝ հաշվի առնելով, թե որքան մոտ էինք, կուլեներ (Բարսելոնայի երկրպագուներ — խմբ.): Նրանք չէին ցանկանում, որ մենք հասնեինք եզրափակիչ, քանի որ վախենում էին՝ տեսնելով, թե ինչպիսի մրցաշրջան ենք անցկացնում:
Անիմաստ է խոսել այն մասին, թե քանի տարի չենք հաղթել Չեմպիոնների լիգան: Ես գիտեմ, որ դա դժվար է, և բոլորս ցանկանում ենք ամեն տարի հաղթել, բայց վստահ եմ՝ եթե միասնական մնանք, ինչպես միշտ, մենք կհաղթենք: Ես վստահ եմ, որ դա տեղի կունենա:
Չնայած ներկայիս հիասթափությանը, մենք կարող ենք այս մրցաշրջանն ավարտել երեք տիտղոսով: Սա հիանալի մրցաշրջան է՝ չնայած այս պարտությանը: Եկեք կիրակի դուրս գանք խաղադաշտ և հաղթենք», — գրել է Գավին սոցիալական ցանցերում:
Լա Լիգայի առաջիկա տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կմրցի «Ռեալի» հետ: