Այսօր Փարիզում կայացավ Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը ՊՍԺ-ի և «Արսենալի» միջև։ Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր փարիզյան ակումբի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Հանդիպման 27-րդ րոպեին փարիզյան ակումբն առաջ անցավ հաշվի մեջ․ ՉԼ-ում իր առաջին գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը։ Հանդիպման 69-րդ րոպեին հյուրերի դարպասին 11 մետրանոց նշանակվեց, սակայն Վիտինիայի հարվածը որսաց Ռայան։ Սակայն քիչ անց Հակիմին, միևնույն է, երկու գնդակի առավելություն տվեց իր թիմին: 77-րդ րոպեին Սական կրճատեց հաշվի տարբերությունը, բայց ավելին անել լոնդոնցիներին մնացած ժամանակահատվածում չստացվեց՝ 2-1։ Այսպիսով, Լուիս Էնրիկեի թիմը երկու հանդիպումների արդյունքով ընդհանուր 3-1 հաշվով հաղթանակ տոնեց ու դուրս եկավ եզրափակիչ։
Նշենք, որ երեկ ՉԼ-ի երզափակիչի առաջին մասնակիցը դարձավ Միլանի «Ինտերը»։
Այսպիսով, մայիսի 31-ին Մյունխենում ՉԼ-ի եզրափակիչում կանդիպեն ՊՍԺ-ն և «Ինտերը»։ Ֆրանսիական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ կմասնակցի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչին (նախորդ անգամ՝ 2020 թվականին)։ Միլանյան ակումբը 7-րդ անգամ է մասնակցելու եզրափակիչին և պայքարելու է 4-րդ տիտղոսի համար (հաղթել է 1964, 1965 և 2010 թվականներին)։