Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է իր մասնակցությունը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղում (4:3), որից առաջ նա վնասվածք էր ստացել Կատալոնիայում թիմերի միջև կայացած առաջին հանդիպման ժամանակ (3:3)։
«Առաջին խաղը շատ դժվար էր։ Մենք խաղացինք ուժեղ մրցակցի դեմ և պայքարեցինք մինչև վերջին րոպեն։ Ես զգում էի, որ խնդիրներ ունեմ ոտքիս հետ։ Ես նույնիսկ երկու օր լաց եղա, քանի որ իսկապես ուզում էի դուրս գալ խաղադաշտ։
Պատասխան խաղի համար փորձեցի վերականգնվել որքան հնարավոր էր, չնայած լիովին պատրաստ չէի։ Խոստացա ընտանիքիս, որ դուրս կգամ և կօգնեմ թիմին։ Այժմ մեր առաջնահերթությունը մեր ուժերը վերականգնելն է, քանի որ առջևում դեռ շատ կարևոր խաղեր կան»,– Մարտինեսի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը։
Հիշեցնենք, որ 27-ամյա արգենտինացու մոտ մկանային լարվածություն էր ախտորոշվել, սակայն նա կարողացավ վերականգնվել մեկ շաբաթից էլ պակաս ժամանակում, մասնակցել «ներաձուրիի» մեկնարկային կազմում «կապտանռնագույնների» դեմ պատասխան խաղին՝ դառնալով գոլի հեղինակ և վաստակելով 11 մետրանոց հարված։