«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Ինտերի» հետ պատասխան հանդիպումից առաջ կիսվել է իր սպասելիքներով։
«Հանդերձարանում տոնական մթնոլորտ է։ Երիտասարդները օգնում են թեթևացնել ճնշումը, իսկ մենք՝ փորձառուներս, ուղղություն ենք տալիս հետագա քայլերի համար։ Մենք հիանալի թիմ ունենք, և ցանկանում ենք հաղթել։ Մրցակիցների դեմ խաղերում մենք հաղթել ենք ամբողջ թիմի ջանքերի և քրտնաջան աշխատանքի շնորհիվ։
Լամինի նկատմամբ կրկնակի հսկողությունը մեզ ավելի շատ ազատ տարածք է տալիս։ Բացի այդ, Լամին արդեն ապացուցել է, որ կարող է շրջանցել երկու կամ երեք պաշտպանների։
Մեզ չի անհանգստացնում մարզադաշտի մթնոլորտը, հակառակը՝ այն ավելի է մոտիվացնում։ Մենք խաղացել և հաղթել ենք «Ռեալի», «Ատլետիկոյի» և Դորտմունդի «Բորուսիայի» ստադիոններում», — Օլմոյի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Ինտեր» — «Բարսելոնա» հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 6-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։ Առաջին խաղում գրանցվել է ոչ-ոքի՝ 3:3։