Նախորեին տարածված տեղեկատվությունը, թե Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության թիմերից «Ալաշկերտը», «Շիրակը», «Լոռին» ու «Գանձասար-Կապանը» ֆինանսական խնդիրների պատճառով հնարավոր է չմասնակցեն մրցաշարին, ArmSport-ը փորձել է ճշտել ակումբների ներկայացուցիչներից։
«Շիրակի» մամուլի ծառայության պատասխանատու Արման Մալոյանը մեր հարցմանը պատասխանեց երկու բառով․ «Առանց մեկնաբանության»։ Սա նշանակում է, որ Գյումրին ներկայացնող ակումբի ներկայացուցիչները չեն հաստատում տեղեկությունը, բայց չեն էլ հերքում այն։
«Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությանը ևս հարցումն ուղարկվել է, սակայն նրանք առայժմ կապի դուրս չեն եկել։
«Ալաշկերտը» հենց երեկ ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրեց ակումբի հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանի հերքումը, թե թիմը պատրաստվում է լքել առաջնությունը։
Այս մասին զրուցել ենք նաև «Լոռի» ակումբի գլխավոր տնօրեն Վահան Դանիելյանի հետ․

-«Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթը գրում է, որ հայկական 4 ակումբներ, այդ թվում և «Լոռին», ֆինանսական խնդիրներ ունեն ու վտանգ կա, որ չեն շարունակի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցությունը։ Կա՞ այսպիսի մտավախություն։
-Աշխարհի բոլոր ակումբներն այս պահին ֆինանսական խնդիրներ ունեն, ինչը կապված է ստեղծված իրավիճակի հետ։ Իսկ թե որ լրատվամիջոցն ինչ է գրել, իրենցից հարցրեք։
-Փորձենք հասկանալ՝ հերքո՞ւմ եք, թե՞ հաստատում այն տեղեկությունը, որ «Լոռին» հնարավոր է այլևս չմասնակցի առաջնությանը։
-Չեմ մեկնաբանում։ Ով գրել է, թող ինքն ասի։ Մենք նման բան չենք հայտարարել։
-Ամեն դեպքում, կա՞ն ֆուտբոլիստներ, որոնց վճարել չկարողանալու պատճառով հրաժեշտ կտաք կամ արդեն հրաժեշտ եք տվել։
-Ո՛չ, մեր բոլոր ֆուտբոլիստները մեզ հետ են։ Այդպիսի խնդիր դրված չէ, որ ինչ-որ մեկը հեռանա։ Մեր ֆուտբոլիստները մեր բազայում են, այսպես ասած։
-Իսկ ինչո՞վ են պայմանավորված այս պահի ֆինանսական դժվարությունները։ Եթե առաջնությունն ընթացքի մեջ լիներ, ինչի՞ց էր գումար աշխատելու ակումբը։
-Հիմա մյուս բոլոր ակումբները որ կան, իրենք խնդիրներ չունե՞ն աշխատավարձեր վճարելու հետ կապված։ Իրենցը որտեղի՞ց։ Նույն կերպ բոլոր ակումբների մոտ են խնդիրներ առաջանում։ Ես նկատի չունեմ հայկական ակումբները։ Աշխարհի բոլոր ակումբները հիմա ֆինանսական խնդիրներ ունեն։ Ամեն մեկն իր խնդիրներն ունի։ Ես հիմա չեմ ուզում մանրամասնել, բայց գիտեմ, որ բոլոր ակումբներն ունեն ֆինանսական խնդիրներ։ Մենք էլ մեր խնդիրներն ունենք։ Չեմ ուզում մանրամասնել։
-Արտասահմանյան ակումբները, օրինակ, գումար աշխատում էին նաև վաճառված տոմսերից, Հայաստանի առաջնության տոմսերը չեն վաճառվում․․․
-Դե, միայն դա չէ։ Այլ խնդիրներ էլ կան։ Բացի դրանից, եթե առաջնության ժամկետը երկարեց, դա ևս լրացուցիչ խնդիրների է հանգեցնելու։
-Ինչպիսի՞ խնդիրների։
-Եթե առաջնությունն ավարտվի սեպտեմբերին կամ օգոստոսին․․․դե, այդպես է, ես հիմա մանրամասն չեմ կարող ներկայացնել, բայց այդպես է, շատ խնդիրներ կլինեն։
-ՈՒԵՖԱ-ի կողմից տրված համերաշխության վճարներն ու VBet-ի հովանավորչական գումարները օգտակար չե՞ղան ֆինանսական խնդիրների հարցում։
-Եթե կարծում եք՝ այդ փողով (նկատի ունի հովանավորչական գումարները՝ հեղ․) կարելի է թիմ պահել․․․դա ուղղակի միանվագ վճար է։ Իսկ համերաշխության վճարները պետք է փոխանցվեին հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, փոխանցվել են մարտ ամսին։ Մենք այդ հաշվարկներն արդեն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից սկսած էինք արել։
-Մրցաշարային աղյուսակի առաջին վեցնյակում գտնվող ակումբների ղեկավարները հավաքվե՞լ էին ստեղծված իրավիճակին լուծում տալու։
-Չեմ մեկնաբանում, ես տեղյակ չեմ։
-Ֆինանսական դժվարությունների պատճառով «Լոռին» դիմե՞լ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։
-Այլևս ոչինչ չեմ ուզում մեկնաբանել։
Հիշեցնենք, որ ArmSport-ը դեռևս մարտի 23-ին, երբ որոշում էր կայացվել ՀՖՖ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերը դադարեցնելու վերաբերյալ, կապ էր հաստատել մեր ակումբների ներկայացուցիչների հետ՝ փորձելով ճշտել արդյոք այս ֆուտբոլային դադարը ֆինանսական կորուստներ կբերի՞ ակումբներին։ Նյութը կարող եք կարդալ այստեղ։
Ստելլա Բաբլոյան