Միլանի «Ինտերի» ղեկավարությանը, կարծես, դուր է գալիս Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը։Ակումբը արդեն հասել է մրցաշարի կիսաեզրափակիչ և այս պահի դրությամբ վաստակել է 113 միլիոն եվրո։
Ավելին՝ եզրափակիչ դուրս գալու դեպքում միլանցիները կարող են ստանալ ևս 18 միլիոն եվրո, և մեկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգան «Ինտերին» ընդհանուր առմամբ կարող է բերել մոտ 132 միլիոն եվրո։
Սակայն այդ ցուցանիշին հասնելու համար «Ինտերը» նախ պետք է պատասխան խաղում հաղթահարի կատալոնական «Բարսելոնայի» արգելքը։
«Ինտերը» վերջին անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել է 2010 թվականին։ Սակայն վերջերս՝ 2023-ին, ակումբը կրկին հասավ Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ, որտեղ նվազագույն՝ 0:1 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 6-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։