«Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչի՝ Միլանի «Ինտերի» դեմ կայացած առաջին խաղում (3:3)։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
AS պարբերականի հաղորդմամբ՝ Կունդեի լիարժեք վերականգնման համար կպահանջվի երեք շաբաթ։
Սա նշանակում է, որ ֆրանսիացին կբացակայի մի շարք կարևոր խաղերից, այդ թվում՝ «Ինտերի» դեմ պատասխան հանդիպումից (մայիսի 6) և «Էլ Կլասիկոյից» (մայիսի 11)։
Ընթացիկ մրցաշրջանում Կունդեն «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 53 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։