Կիրակի՝ մայիսի 4-ին, Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 34-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ կընդունի Վիգոյի «Սելտային»։
Մադրիդի «Ռեալի» ակումբային հեռուստաընկերությունը այս անգամ էլ քննադատել է Խեսուս Խիլ Մանսանոյին, որի գլխավորած պատվիրակությունը սպասարկելու է «Սելտայի» դեմ հանդիպումը։
«Սերուցքայինների» հեռուստաալիքը վերհիշել է անցյալ գարնանը տեղի ունեցած սկանդալը, երբ «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը գոլ խփեց «Վալենսիայի» դեմ խաղում։ Սակայն Մանսանոն հնչեցրեց եզրափակիչ սուլիչը ընդամենը վայրկյաններ առաջ, նախքան գնդակը կհայտնվեր դարպասում։
Այդ խաղն ավարտվեց 2:2 հաշվով, և այդ դրվագը խանգարեց «Ռեալին» հաղթանակի հասնել։ Իր հույզերի պատճառով անգլիացին ստացավ ուղիղ կարմիր քարտ։
Ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև VAR մրցավար Հերնանդես Մաեսոն։ Մադրիդցիների ակումբային հեռուստաընկերության տվյալներով՝ նա կամ չի նշանակում 11 մետրանոց հարվածներ թիմի օգտին, կամ սխալմամբ չեղյալ է հայտարարում «Ռեալ Մադրիդի» գոլերը։
«Ռեալ Մադրիդ» — «Սելտա» հանդիպումը կկայանա մայիսի 4-ին, Երևանի ժամանակով 16:00-ին։