Մյունխենի «Բավարիայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ 31-ամյա անգլիացի պաշտպան Էրիկ Դայերը լքում է ակումբը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Դայերը «Բավարիային» միացել է 2024-ի հունվարին՝ «Տոտենհեմից» վարձակալությամբ, ապա ստորագրել մշտական պայմանագիր, որն ավարտվում է հունիսի 30-ին։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Դայերը կարող է կարիերան շարունակել «Մոնակոյում»։
«Բանակցում էինք պայմանագիրը երկարաձգելու շուրջ, բայց Էրիկը որոշեց հեռանալ։ Նա հիանալի անձնավորություն է։ Հուսով եմ՝ նա կնվաճի տիտղոս «Բավարիայում»», – նշել է սպորտային տնօրեն Կրիստոֆ Ֆրոյնդը։
Դայերը «Բավարիայի» կազմում անցկացրել է 45 խաղ, խփել 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
«Բավարիան» 75 միավորով գլխավորում է Բունդեսլիգան և շաբաթ օրը կարող է ապահովել չեմպիոնությունը Վենսան Կոմպանիի գլխավորությամբ։