Իսպանիայի ազգային հավաքականի հայտնի երկրպագու Մանուել Կասերես Արտեսերոն մահացել է 76 տարեկանում, հայտնում է Football Espana սպորտային պորտալը։
«Իսպանիան սգում է իր ամենասիրելի կերպարներից մեկի՝ Մանոլո-թմբկահարի մահը», – նշված է հոդվածում։
Մանուել Կասերես Արտեսերոն, ով հայտնի էր «Մանոլո-թմբկահար» մականվամբ, Իսպանիայի ամենաճանաչված երկրպագուներից էր։ Նա գրեթե միշտ ներկա էր ազգային հավաքականի խաղերին՝ իր թմբուկով։
Հայտնի է, որ Մանոլոն հաճախ հարցազրույցներ էր տալիս հավաքականի յուրաքանչյուր ուղևորության ժամանակ և, կարելի է ասել, առաջնորդում էր իսպանացի երկրպագուներին՝ աջակցելու իրենց թիմին։
Իսպանիայի հավաքականը ճանաչել էր նրան որպես ամենահավատարիմ երկրպագու։ 40 տարում նա այցելել է ավելի քան 400 խաղի, ներկա գտնվել 10 աշխարհի և 8 Եվրոպայի առաջնության։