Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) պատրաստ է լրացուցիչ ժամանակ տրամադրել «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին՝ իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իտալացի մասնագետը որոշել է լքել մադրիդյան ակումբը և գլխավորել Բրազիլիայի հավաքականը։ Սակայն հետագայում տեղեկություններ հայտնվեցին, որ Անչելոտին մերժել է լատինաամերիկյան հավաքականի առաջարկը, իսկ CBF-ն պահանջել էր նրանից անհապաղ որոշում ընդունել։
ESPN-ի տվյալներով՝ «Ռեալի» և 65-ամյա մարզչի միջև դեռևս տարաձայնություններ կան պայմանագրի խզման պայմանների շուրջ։ Կողմերը պետք է կարգավորեն այդ հարցերը, նախքան Անչելոտին կկարողանա ընդունել Բրազիլիայի հավաքականի առաջարկը։
Նշվում է, որ Անչելոտիի՝ «սերուցքայիններից» ազգային թիմ տեղափոխվելու դեպքում ստացվելիք փոխհատուցումը զգալիորեն ավելի փոքր կլինի, քան սպասվում էր։ Բացի այդ, «Ռեալը» ակնկալում է, որ CBF-ն կվճարի փոխհատուցում մարզչի պայմանագրի խզման համար։ Հնարավոր լուծումներից մեկն այն է, որ իսպանական ակումբը վճարի Անչելոտիի վերջին տարվա աշխատավարձի մի մասը, իսկ Բրազիլիայի հավաքականը փոխհատուցի մնացածը։
CBF-ն որոշել է սպասել Անչելոտիի՝ «Ռեալի» հետ հարցի հանգուցալուծմանը մինչև մայիսի վերջ, երբ պարզ կդառնա Իսպանիայի առաջնության հաղթողը։ Բրազիլացիներն այլընտրանքային տարբերակներով դիտարկում են «Ալ-Հիլալի» գլխավոր մարզիչ Ժորժ Ժեզուշին և «Պալմեյրասի» մարզիչ Աբել Ֆերրեյրային։
Կարլո Անչելոտին երկրորդ անգամ «Ռեալը» գլխավորել է 2021 թվականին։ Նրա ղեկավարությամբ ակումբը երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի սուպերգավաթը և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը, ինչպես նաև նվաճել է Իսպանիայի գավաթը։