«Բարսելոնայի» կիսապաշտպան Լամին Յամալը խփել է իր թիմի գոլերից մեկը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ինտերի» դեմ առաջին խաղում։
Իսպանացին դարձել է մրցաշարի պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողը, որը գոլ է խփել կիսաեզրափակիչ փուլում (17 տարեկան 291 օրական): Նա գերազանցել է ֆրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի ռեկորդը, որը գոլ էր խփել «Մոնակոյի» կազմում 18 տարեկան 140 օրական հասակում։
Յամալը նաև դարձել է մինչև 20 տարեկան առաջին խաղացողը, որը Չեմպիոնների լիգայի միևնույն խաղարկության 1/8, 1/4 և 1/2 եզրափակիչ փուլերում դարձել է գոլի հեղինակ։ Ընդհանուր առմամբ, իսպանացին Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 12 խաղում խփել է հինգ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում նա խփել է 15 գոլ և կատարել 24 գոլային փոխանցում 49 խաղում։
Նշենք՝ Յամալն իր 100-րդ հանդիպումն է անցկացնում կատալոնական թիմի կազմում։ Այսպիսով, Յամալը՝ 17 տարեկան 291 օրականում դարձել է «Բարսելոնայի» պատմության ամենաերիտասարդ խաղացողը, որը 100 հանդիպում է անցացրել կատալոնական ակումբի կազմում։