Անտոնիո Ռյուդիգերը վիրահատվել է ձախ ծնկի մենիսկի վնասվածքի պատճառով՝ հայտնելով, որ ավելի քան յոթ ամիս խաղացել է ուժեղ ցավերով: «Ցավոք, վիրահատությունն անխուսափելի էր»,- ասել է նա: Բժշկական հետազոտությունները ցույց են տվել վաղաժամ արթրոզ, ինչը սպառնում է 32-ամյա կենտրոնական պաշտպանի կարիերային: Այս մասին տեղեկացնում է El Confidencial-ը։
«Ռեալի» բժշկական ծառայությունները մեկ տարուց ավելի տեղյակ էին Ռյուդիգերի խնդիրների մասին, սակայն նա շարունակել է խաղալ՝ թիմում պաշտպանների պակասի պատճառով: Նա խաղադաշտ է դուրս եկել նույնիսկ Իսպանիայի գավաթի եզրափակիչում՝ չնայած ակնհայտ ցավին, մինչդեռ Դավիդ Ալաբան և Խեսուս Վալեխոն մնացել են պահեստայինների նստարանին:
Այս վնասվածքները բացահայտել են «Ռեալի» մարզական պլանավորման թերությունները: Ակումբը չկարողացավ ձեռք բերել Լենի Յորոյին, իսկ երիտասարդական թիմի խաղացողներ Խոան Մարտինեսն ու Խակոբո Ռամոնը երկարաժամկետ վնասվածքներով դուրս են մնացել: Ձմեռային տրանսֆերային պատուհանում նոր պաշտպան չգնվեց՝ չնայած մարզիչ Կառլո Անչելոտիի հստակ պահանջին:
Մինչ «Ռեալը» պայքարում է Լա Լիգայում և Աշխարհի ակումբային առաջնությունում, թիմը հայտնվել է պաշտպանական ճգնաժամի եզրին: Հարց է ծագում՝ արդյո՞ք ակումբը կկարողանա լրացնել այս բացը ամառային տրանսֆերային պատուհանում: