Չեմպիոնների լիգան ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարն է՝ բեմ, որտեղ լեգենդներ դարձան Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն և Զինեդին Զիդանը: Սակայն կան ֆուտբոլիստներ, որոնք, չնայած իրենց փայլուն կարիերային, երբեք հնարավորություն չունեցան խաղալու այս մրցաշարում: Նրանք թողել են անջնջելի հետք ֆուտբոլի պատմության մեջ՝ առանց Չեմպիոնների լիգայի լույսերի:
Ստորև ներկայացնում ենք յոթ նշանավոր ֆուտբոլիստների, ովքեր երբեք չեն խաղացել Չեմպիոնների լիգայում, բայց իրենց անունն ընդմիշտ գրել են ֆուտբոլի էջերում:
Պաոլո Դի Կանյո
Իտալացի վառ անհատականություն, ով հանդես է եկել «Յուվենտուսում», «Միլանում», «Լացիոյում» և «Նապոլիում», բայց երբեք չի խաղացել Չեմպիոնների լիգայում: «Վեսթ Հեմում» 2000-ականների սկզբին նա Պրեմիեր լիգայի սիրելիներից էր՝ աչքի ընկնելով տպավորիչ ելույթներով: Նա «Յուվենտուսի» հետ նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթը, իսկ 1994-ին միացել է Եվրոպայի գործող չեմպիոն «Միլանին», որտեղ հաղթել է Սկուդետոն: Սակայն 1994/95 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «ռոսոներին» հանդես է եկել առանց Դի Կանյոյի:
Մեթյու Լե Տիսիե
«Սաութհեմփթոնի» խորհրդանիշը, ով մինչև կարիերայի ավարտը հավատարիմ մնաց իր ակումբին: Լե Տիսիեն նախընտրեց անձնական երջանկությունն ու ազատությունը տիտղոսներից վեր: Sporting Life-ին տված հարցազրույցում նա ասել է.
«Եթե նորից ընտրելու հնարավորություն ունենայի, նույն կերպ կվարվեի: Անձնական երջանկությունն ինձ համար ավելի կարևոր էր, քան տիտղոսներն ու գումարը: Ես ինձ լավ էի զգում՝ լինելով մեծ ձուկ փոքր լճում»
Յան Ռայթ
«Արսենալի» լեգենդը, ով ժամանակին եղել է ակումբի լավագույն ռմբարկուն (մինչև Թիերի Անրին գերազանցեց նրան), երբեք չի խաղացել Չեմպիոնների լիգայում: Նա անգամ Անգլիայի հավաքականի կազմում չի մասնակցել խոշոր մրցաշարերի: Երբ «Արսենալը» 1998/99 մրցաշրջանում նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր, Ռայթն արդեն հեռացել էր «Հայբերիից»՝ մեկ տարի առաջ նվաճելով Պրեմիեր լիգայի տիտղոսը:
Լես Ֆերդինանդ
Պրեմիեր լիգայի ամենաանտեսված ռմբարկուներից մեկը: 1996/97 մրցաշրջանում «Նյուքասլի» կազմում ՈւԵՖԱ-ի գավաթում 4 խաղում խփել է 4 գոլ, սակայն Չեմպիոնների լիգայում խաղալու հնարավորություն չի ստացել: Հետաքրքիր է, որ նա երբեք չի իրացրել 11-մետրանոց, բայց մնում է Պրեմիեր լիգայի պատմության ամենաարդյունավետ գոլահարներից մեկը:
Դեյվիդ Ջեյմս
«Լիվերպուլի» դարպասապահը, Պրեմիեր լիգայի պատմության լավագույն 20 խաղացողներից միակը, ով երբեք չի մասնակցել Չեմպիոնների լիգայի հանդիպման: 1990-ականներին նա անցկացրել է մոտ 300 խաղ «Լիվերպուլում», բայց եվրոպական ամենամեծ բեմին չի հասել:
Քլինթ Դեմփսի
Ամերիկացի ամենաարդյունավետ խաղացողը Պրեմիեր լիգայի պատմության մեջ: 2010-ին Եվրոպա լիգայում «Յուվենտուսի» դեմ խփած գոլը համարվում է «Ֆուլհեմի» պատմության լավագույններից մեկը: 2012-ին «Լիվերպուլից» տեղափոխվել է «Տոտենհեմ», սակայն այդ ժամանակ երկու ակումբներն էլ Չեմպիոնների լիգայի հավակնորդներ չէին:
Յագո Ասպաս
Լա Լիգայի վետերան ռմբարկուն՝ 163 գոլով «Սելտայի» և «Սևիլիայի» կազմում: Նա 21-րդ դարի Եվրոպայի հինգ լավագույն առաջնությունների 50 լավագույն ռմբարկուներից միակն է, ով երբեք չի խաղացել Չեմպիոնների լիգայում: Իսպանիայում նա համարվում է լեգենդ, թեև շատերը նրան հիշում են «Լիվերպուլում» անհաջող ելույթով: