«Ատալանտայի» համար գրեթե անհնար կլինի առաջիկա ամռանը թիմում պահել կիսապաշտպան Էդերսոնին։ 25-ամյա բրազիլացին մի շարք եվրոպական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում է, որոնցից մեկը՝ Մադրիդի «Ռեալը»։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը արդեն իսկ տրանսֆերային հարցում է իրականացրել Էդերսոնի հնարավոր ձեռքբերման վերաբերյալ՝ ակումբային աշխարհի առաջնությունից առաջ։ Նշվում է, որ Բերգամոն ներկայացնող ակումբը «սերուցքայիններից» պահանջել է մոտ 75 միլիոն եվրո իր ֆուտբոլիստի համար։
Էդերսոնի գործող պայմանագիրի ժամկետը «Ատալանտայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի կիսապաշտպանը իտալական ակումբի կազմում մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։