Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերն անցկացրել է իր 500-րդ խաղը Բունդեսլիգայում՝ դառնալով այդ ցուցանիշին հասած 13-րդ ֆուտբոլիստը։
Շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին, Գերմանիայի առաջնության շրջանակում «Բավարիան» տանը 3։0 հաշվով հաղթել է «Մայնցին»։ 35-ամյա փորձառու հարձակվողը խաղադաշտ է մտել խաղի 84-րդ րոպեին՝ փոխարինելով Լերոյ Սանեին։
Այդ 500 խաղերում Թոմասը խփել է 150 գոլ և կատարել 211 գոլային փոխանցում։
Բացի այդ, Թոմաս Մյուլերը դարձել է չորրորդ խաղացողը, որը մեկ ակումբի կազմում 500 խաղի է մասնակցել Բունդեսլիգայում։ Նախկինում դա հաջողվել էր Կառլ-Հայնց Կյորբելին (602 խաղ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կազմում), Մանֆրեդ Կալցին (581 խաղ «Համբուրգի» կազմում) և Միխայել Լամեկին (518 խաղ «Բոխումի» կազմում):
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մյուլերը կլքի «Բավարիան» 2024/2025 մրցաշրջանի ավարտից հետո։ Բոլոր մրցաշարերում Թոմասը մյունխենյան թիմի կազմում մասնակցել է 748 խաղի։