Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարություն է արել Իսպանիայի գավաթի եզրափակչից առաջ ստեղծված սկանդալային իրավիճակի վերաբերյալ, որում հանդիպելու են «Ռեալը» և «Բարսելոնան»։
Խաղից մեկ օր առաջ «Ռեալը» չեղարկել է մարզումը, մամուլի ասուլիսը և ուրբաթ օրվա համար նախատեսված մյուս միջոցառումները։ Մամուլում հայտնվել էին տեղեկություններ, թե մադրիդյան ակումբը նույնիսկ դիտարկում է հանդիպումը բոյկոտելու տարբերակը։ Ավելի ուշ «Ռեալը» հայտարարություն է տարածել՝ բողոքելով «Բարսայի» դեմ խաղի մրցավարներից մեկի արտահայտությունների կապակցությամբ և խոստանալով «լուրջ քայլեր ձեռնարկել»՝ կապված «Ռեալ Մադրիդ TV»-ի հրապարակած տեսանյութի հետ, որը վերլուծում էր եզրափակչի գլխավոր մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեայի սխալները։
«Սա ֆուտբոլ չէ, սա իշխանության զավթում է։ Նա (հավանաբար խոսքը «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի մասին է – խմբ.) չի սիրում Տեբասին, քանի որ նա չի անում այն, ինչ ինքը ցանկանում է։
Նա չի սիրում Չեֆերինին (ՈւԵՖԱ-ի նախագահը), քանի որ նա չի անում այն, ինչ ինքը ցանկանում է։
Նա չի սիրում Լուզանին (Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարին), քանի որ նա չի անում այն, ինչ ինքը ցանկանում է։
Նա չի սիրում մեկնաբաններին, քանի որ նրանք չեն ասում այն, ինչ ինքը ցանկանում է։
Նրանք չեն ցանկանում առաջ շարժվել մրցավարական բարեփոխումների ուղղությամբ, քանի որ դա այն չէ, ինչ ինքը կցանկանար։
Եվ հիմա, երբ մրցավարները հանդես են եկել հայտարարությամբ՝ իրենց դեմ «Ռեալ Մադրիդ TV»-ի մշտական ճնշումներից հոգնած, նա պատասխանում է այնպես, ինչպես ինքն է կարողանում՝ չեղարկում է մամուլի ասուլիսը, չեղարկում է մարզումը, անտեսում է գավաթի եզրափակչին նվիրված միջոցառումը, ապահովում է տեղեկատվության արտահոսք այն մասին, որ չի պատրաստվում մասնակցել եզրափակչին։
Նա չի բողոքում, նա ճնշում է։ Նա չի դժգոհում, նա սպառնում է։ Նա չի հակաճառում, նա պատժում է։ Նա չի ցանկանում բարելավել ֆուտբոլը, նա ցանկանում է իր ֆուտբոլը։ Եվ ամենավատը ոչ թե այն է, որ նա փորձում է դա անել, այլ այն, որ կան շատ մարդիկ, որոնք դա թույլ են տալիս, խրախուսում և օգնում նրան»,- ասել է Տեբասը։