Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում չեմպիոններ ու մրցանակակիրներ դարձած ծանրորդներն այսօր դրամական պարգևատրում են ստացել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի կողմից։
«Ծանրամարտի ֆեդերացիան պետության կողմից տրվող պարգևներից զատ, բուն ֆեդերացիայի միջոցներով էլ է փորձում խրախուսել մարզիկներին: Ֆեդերացիայի այս պարգևատրման ընդհանուր ֆոնդը կազմել է 11 միլիոն դրամ»,- գրել էր ֆեդերացիան։
Դրամական պարգևների են արժանացել Եվրոպայի չեմպիոններ Վարազդատ Լալայանը, Գարիկ Կարապետյանը, մեդալակիրներ Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Աննա Ամրոյանը, Լիանա Գյուրջյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գառնիկ Չոլակյանը, Միլենա Խաչատրյանը, Տաթև Հակոբյանը: Եվրոպայի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն ու բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը երկրում չլինելու պատճառով ներկա չէին միջոցառմանը։ Պարգևատրվել են նաև Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, հավաքականի մարզիչ Հակոբ Փիլոսյանը, կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, հավաքականի մարզիչ Տարոն Թովմասյանը, թիմի բժիշկ Դավիթ Մոսինյանն ու թիմի մերսող Ռոզա Հովհաննիսյանը:
Տեղեկացնենք՝ Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքների համար մարզիկները խրախուսում կստանան նաև ՀՀ կառավարության տարբեր ծրագրերով։ Մասնավորապես, Եվրոպայի առաջնություններում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկները կստանան համապատասխանաբար 6 մլն, 3,6 մլն և 2,4 մլն դրամ տարեվերջյան պարգևատրում։
Դրամական խրախուսում է նախատեսված նաև Եվրոպայի առաջությունների մարզիչների, հավաքական թիմերի երկրորդ մարզիչների և մեդալ նվաճած մարզիկների անձնական մարզիչների համար։
Հիշեցնենք՝ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները լավագույնն էին ճանաչվել Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկով։