«Ռեալ Մադրիդի» ակումբային հեռուստատեսությունը արձագանքել է Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղի (ապրիլի 26-ին) համար նշանակված մրցավարներ Ռիկարդո Դե Բուրգոս Բենգոեչեայի և Գոնսալես Ֆուերտեսի (VAR մրցավար) բողոքներին։
Ավելի վաղ Բենգոեչեան և Ֆուերտեսը բացասաբար էին գնահատել մադրիդցիների ակումբային հեռուստաընկերության գործունեությունը, որը քննադատել էր նրանց աշխատանքը։ Մասնավորապես, Բենգոեչեան չէր կարողացել զսպել արցունքները՝ պատասխանելով իսպանական գրանդի հեռուստատեսության քննադատության վերաբերյալ հարցին։
«Հետաքրքիր է լսել իսպանացի մրցավարների բարձր մակարդակի մասին, երբ նրանցից ոչ մեկը չի աշխատելու աշխարհի ակումբային առաջնությունում։ Եվ սա կարծիք չէ, այլ օբյեկտիվ փաստ։ Նույնը տեղի ունեցավ նաև աշխարհի և Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերում։ Սա ինչ-որ բան է ասում։ Նրանք պետք է հաշվի առնեն, որ իսպանական մրցավարության մակարդակը զրոյից ցածր է։
Ինչպե՞ս կարող էր Դե Բուրգոս Բենգոեչեան, ով 2017 թվականից ի վեր աշխատում է բարձր մակարդակով, չսպասարկել որևէ կարևոր խաղ։
Ֆուտբոլն ավելի առողջ կլինի առանց նրանց [ներկայիս մրցավարների]։ Ավելի շատ արդարություն կլինի, երբ հեռուստատեսային արտադրանքն ազատ լինի «Բարսելոնայի» ազդեցությունից։ «Ռեալ Մադրիդի» հեռուստատեսության գործունեությունը պաշտպանված է խոսքի ազատությամբ։ Մրցավարական կոմիտեն չպետք է թելադրի, թե ինչպիսի տեսանյութեր կարող է նկարահանել տվյալ լրատվամիջոցը», — ասվում է Real Madrid TV-ի հայտարարության մեջ։