Այսօր՝ ապրիլի 23-ին, երեկոյան «Սան Սիրո» մարզադաշտում տեղի կունենա Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը Միլանի երկու հսկաների՝ «Ինտերի» և «Միլանի» միջև: Առաջին խաղն ավարտվել է 1:1 հաշվով, և այս խաղը կորոշի եզրափակիչի մասնակցին:
Ինչպես հայտնում է հեղինակավոր Gazzetta dello Sport-ը, «Ինտերի» պաշտպան Ստեֆան դե Վրեյը կսկսի մեկնարկային կազմում՝ փոխարինելով Ֆրանչեսկո Աչերբիին, ով մասնակցել է վերջին երկու ծանր խաղերին՝ Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» և Սերիա A-ում «Բոլոնիայի» դեմ: 37-ամյա Աչերբին այս անգամ հանգստի հնարավորություն կստանա:
Բացի այդ, Gazzetta-ն նշում է, որ «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կարող է փոփոխություններ կատարել կիսապաշտպանությունում: Հենրիխ Մխիթարյանը, ով որակազրկված է Սերիա A-ի «Ռոմայի» դեմ առաջիկա խաղում, հանդիպումը կսկսի մեկնարկային կազմում: Մինչդեռ Նիկոլո Բարելան կամ Հաքան Չալհանօղլուն կարող են հանգստանալ: